Ռեժիսոր Արամ Շահբազյանի հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրությամբ «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմը Սախալինի մջազգային «Աշխարհի ծայրը» փառատոնում արժանացել է հանդիսատեսի հավանությունը փաստող «Գրան պրի» մրցանակի: Ֆիլմը ցուցադրվել է նաև Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: Երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրանի» շրջանակում:
Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ապաստանած ծերունի Համոն մի երազանք ունի` ձեռք բերել աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան` «Մոսկվիչը»: Նրան դեռ Խորհրդային Միության ղեկավարներն էին «Մոսկվիչ» խոստացել, չէր ստացել: Միությունը փլվել էր, երազանքը` մնացել: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում էր ապրուստին: Երազանքը թանկ արժեր... Այսպիսին է «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի համառոտ բովանդակությունը: Սցենարի հեղինակներն են Լևոն Մինասյանը, Էսթեր Մանը: Գլխավոր դերերում` Մարտուն Ղևոնդյան, Հիլդա Օհան:
Մեր զրույցը ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի, ինչպես նաև հայ կինոարվեստի մերօրյա խնդիրների մասին է:
-«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային փառատոնում «Մոսկվիչ, իմ սերն» արժանացավ էկումենիկ ժյուրիի, ինչպես նաև «ՖԻՊՐԵՍԻ»-ի (կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակներին, գրավեց նաև հայ հանդիսատեսի համակրանքը: Կա կարծիք, որ հայկական իրականությունը պատկերող ֆիլմերը չեն կարող հետաքրքրել դրսի հանդիսատեսին: Մինչդեռ Ձեր ֆիլմը, ինչպես վկայեցին ժյուրիի անդամները, առանձնակի հուզել էր օտարերկրացի կինոգետներին:
-Ֆիլմում հայկական իրականություն չէր, ընդհանրապես իրականություն էր: Մի մարդու ողբերգություն, որ ապրում է աշխարհի ինչ-որ անկյունում ու «կիսատ մնացած» կյանքը «վերանորոգելու», վերականգնելու հնարավորություն է փնտրում: Նման խնդիր կարող է լինել աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած մարդու հետ` լինի հայ, չինացի, թե տաջիկ: Պարզապես այս դեպքում այն ռեալիզացված էր հայկական իրականության մեջ:
-Մեկ մարդու պատմությամբ բարձրացրել եք մեծ թվով խնդիրներ` հասարակական-քաղաքականից մինչև բարոյահոգեբանական: Ո՞րն է նպատակը. ինքներս մեզ նայելու խնդի՞ր ունենք, ինքներս մեզ քննելո՞ւ, քննադատելո՞ւ:
-Ինքներս մեզ տեսնելու խնդիր կա, քննադատություն` ոչ: Դեպքերը տեղի են ունենում երկրի անցումային շրջանում, իսկ անցումային շրջանը սարսափելի բան է ցանկացած սերնդի համար: Երիտասարդների համար դա բացարձակ անորոշություն է, ավագ սերնդի համար, որ ապրել է կայացած երկրում ու հանկարծ հայտնվել չկայացած երկրում, անհասկանալի մի բան է: Ֆիլմի հերոսը անցումային տարիներին փորձում է իրականացնել իր անցած տարիների երազանքը, պարզ է, որ հանդիպելու է խոչընդոտների, բախումների:
-Ի՞նչ եք կարծում` մենք հաղթահարե՞լ ենք անցումային շրջան ասվածը: Եթե ֆիլմ նկարահանեիք այսօրվա մասին, նույնքա՞ն դառը կլիներ:
-Անցումային շրջանը փուլեր ունի և կարող է տևել, ասենք, 100 տարի: Եթե ֆիլմ նկարահանեմ, կերևան այսօրվա բացերը, որքանով դառը կլինի, որքանով քաղցր, չեմ կարող ասել: Բայց ես չեմ մտածում ներկայացնել տվյալ ժամանակը, երկիրը` իր բացերով-փակերով, ինձ համար ամենակարևորը մարդն է` իր խնդիրներով: Երբ մի տղա ու աղջիկ հանդիպում են, հետո տղան աղջկան ասում է, որ այդքան էլ խոր չէ իրենց սերը, լավ կլինի, ընդհատի հղիությունը ու այլևս չհանդիպեն, դա կարող է լինել ցանկացած ժամանակ, ցանկացած երկրում: Բայց աղջիկն ապրում է այսօր, այստեղ, բնական է, որ ֆիլմում, աղջկա ողբերգությունից բացի, կերևան խնդիրները, որոնց նա բախվելու է տվյալ ժամանակում: Ֆիլմի նախագծեր ունեմ, որ ընդհանրապես չես հասկանում, թե որ ժամանակի մեջ է, որ երկիրն է: Գլոբալ խնդիրներ ունեցող պատմություններ են, որ կարող են լինել այնտեղ, ուր կան գաղթ, պատերազմ, կապ չունի` հայ-ադրբեջանակա՞ն հակամարտությունն է, վրաց-աբխազակա՞ն, թե՞ իսրայելա-պաղեստինյան: Եթե նկատել եք, «Մոսկվիչ, իմ սեր»-ում պատկերված գյուղը հայկական բնաշխարհին այնքան էլ մոտ չէ, հասկանալի չէ, թե որ գյուղն է:
-Ինչպե՞ս եք ընտրել ֆիլմի գլխավոր դերակատարներին: Հաճախ դերակատար ընտրելիս հաշվի են առնում հայտնիությունը:
-Ինձ բարկացնում է այդ հարցը: Ո՞վ է հայտնի դերասանը: Ես չեմ ճանաչում այդ դերասաններին: Որտե՞ղ են հայտնի, ինչո՞վ, ի՞նչ են արել, որ հայտնի են: Ցույց են տալիս աղջիկների, որ կապ չունեն կինոյի հետ, նույնիսկ դերասան էլ չեն ու ասում են` հայտնի է, աստղ է:
-Հայտնի բառը գուցե տեղին չէր, ասենք` հանրությանը ծանոթ են հեռուստաէկրաններից:
-Այսինքն` սերիալներից, երբ դերասանները և չդերասանները կանգնում են տեսախցիկի առաջ ու անիմաստ բաներ դուրս տալիս: Նրանք, որ իրենց թույլ չեն տալիս նման բաներ, անհայտ են: Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ասեմ, որ ես ամբողջ Հայաստանով փնտրել եմ դերասաններին, որոնց հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանք ունեի անելու: Որովհետև տեսախցիկի առաջ վատ թատրոն խաղալը դերասանություն չէ:
-Ի՞նչ ճանապարհ է անցնելու «Մոսկվիչ, իմ սերը», ինչպե՞ս է հասնելու հայ հանդիսատեսին:
-Ֆիլմը դեռ դիստրիբյուտորական ճանապարհ պիտի անցնի: Պրոդյուսերների աշխատանքից, որոշումից է կախված, թե երբ կմտնի կինովարձույթ:
-Ի՞նչ է պետք հայկական կինոն դուրս հանելու, համաշխարհային կինոշուկայում ներկայացնելու համար:
-Համատեղ արտադրության ֆիլմեր պետք է նկարահանվեն: Իսկ համատեղ կինոարտադրություն ունենալու համար պետք է նախագիծը, սցենարը համամարդկային նշանակություն ունենան:
-ՈՒնե՞ք նման նախագծեր:
-Ամենաշատը դա ունեմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ դեֆակտո ոչինչ չկա:
-Ինչո՞ւ չկա, որովհետև անցումային շրջանը մեր երկրում հանգեցրեց դիլետանտիզմի աճին ու բազմացմանը: Արդյունքում` ունենք այն, ինչ ունենք: Երբ մարդը դիլետանտ է, իրեն թվում է, թե լավ բան է անում, բաց իրականում լավ է իր համար, հայկական ընկերությունների համար: Այստեղ սկսվում ու վերջանում է ամեն բան:
-Ասել էիք` որոշ ժամանակ անց կինոյի նոր տեսակ կհայտնվի: Ինչի՞ մասին է խոսքը:
-Դրամատուրգիապես ուժեղ տեսակի: Մենք «Մեր բակ»-երից անցել ենք կոմեդիաների, դետեկտիվ ֆիլմերի: Առավոտից երեկո Հայաստանում կինո են նկարահանում, ոչ մի տեսախցիկ ազատ չէ, կինոթատրոններում հերթ է, թե որը որից հետո է ցուցադրվելու: Եվ այսօր ստեղծվող ֆիլմերն ավելի բարձր մակարդակի վրա են, քան ասենք «Մեր բակ»-երը: Մի օր կունենանք լավ կինո, կհոգնեն այդ ամենից ու կսկսեն ուրիշ բան նկարահանել:
-Ո՞րն է մերօրյա ռեժիսորի թիվ մեկ մտահոգությունը:
-Առաջին հերթին ուժեղ դրամատուրգիայի խնդիր ունենք: Մենք չունենք լավ սցենարներ: Պատահում է, որ լավ սցենարը ռեժիսորը ձախողում է, բայց քիչ են նման դեպքերը:
-«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի սցենարի հիմքում իրակա՞ն պատմություն է:
-Իմ բոլոր սցենարների հիմքում են իրական պատմություններ:
-«Մոսկվիչը» երազանք է: Դատելով ֆիլմի վերջաբանից, կարելի է ասել, որ երազանքները չեն իրականանում:
-Չի կարող իրականանալ, որովհետև դա կորսված սերնդի երազանքն է: Մի սերնդի, որ դատապարտված է և ոչ ոքի պետք չէ:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ